Քոչարյանը կարող է 100 կուսակցություն ստեղծել, բայց միևնույն է կանգնելու է պատմության դատի առջև
Ներքաղաքական զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»ի հետ զրույցում դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ի թիվս մի շարք դիտարկումների և հարցերի, անդրադարձավ նաև դիտարկմանը, որ տեղի է ունեցել Ռ. Քոչարյանի աջակիցների հավաքը, և նրա որդին կարդացել է Ռ. Քոչարյանի նամակ-ուղերձն իր աջակցներին, որով նա երախտագիտություն է հայտնում նրանց դիրքորոշման համար. նամակում մասնավորապես նշված էր. «Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին»:
«Չգիտեմ ինչ զուգահեռներ է անցկացնում Քոչարյանը, գուցե նա նաև նկատի ունի ատելության մթնոլորտը: Շատերը կընդունեն այս կարծիքը, թե որտեղից է սկիզբ առել ատելության մթնորտը. սկսած 96թ.-ից մինչև Մարտի 1-ը ցանկացած ընտրություններից հետո եղել է ընդվզում, ըմբոստացում, թշնամանք: Հետո եղավ Մարտի 1-ը և քաղաքին ստիպեց ձայնը կտրել, մենք սկսեցինք լռել… Մարտի 1-ից հետո քաղաքը լուռ էր, միայն հրավառության ձայներն էին… Այսինքն՝ երեկ չի ծնվել, այս անհանդուրժողականությունն ու ատելությունը, այն կար, բայց գնալով քաղաքի վրա խտանում էր լռությունը, և դա վտանգավոր էր… Ատելությունն այսօր չի ավելացել, այլ տարիներով ամբարված վիրավորանքը պայթել է. ելքը արդարությունն է և արդարադատությունը»:
«Քոչարյանը կարող է 100 կուսակցություն ու 10 հանձնաժողով ստեղծել, բայց միևնույն է կանգնելու է և՛ հասարակության և պատմության ու ժամանակի դատի առջև»,- ընդգծեց Կարինե Խոդիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանը հայտարարել է քաղաքական պայքարի նոր փուլ սկսելու և կուսակցություն ստեղծելու հավանականության մասին: Դրամատուրգը նաև հավելեց, որ դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, որ մյուս գործերն առաջ գնան: