«Յուվենտուսն» ու «Ինտերը» ցանկանում են ձեռք բերել Օլիվյե Ժիրուին
Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը» ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա հարձակվող Օլիվյե Ժիրուին, հաղորդում է Calciomercato-ն։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացողը նախընտրելի է համարում «Ինտերի» տարբերակը՝ հույս ունենալով ավելի շատ խաղաժամանակ ստանալ Եվրո-2020-ից առաջ։
Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը։ Ժիրուի ծառայություններով հետաքրքրված են նաեւ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը», ֆրանսիական «Լիոնն» ու «Բորդոն», հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի մի քանի ակումբներ։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: