Ճանապարհային ոստիկանի և վարորդի միջև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը
Դեկտեմբերի 27-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր էջում հարապարակում էր արել, ըստ որի՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանի և խախտում կատարած վարորդի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ճանապարհային ոստիկանը «շտապօգնություն» չի ահազանգել և վարորդին մեղադրել է, թե խախտումն արձանագրելուց խուսափելու համար ձևացնում է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հրապարակման համաձայն՝ տղամարդուն հիվանդանոց է հասցրել օգնության հասած որդին։ Բուժհաստատությունում տղամարդը մահացել է։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում 63-ամյա տղամարդը տաքսի ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի մասով։ Տեղում ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են տրանսպորտային միջոցը։ Վարորդը փորձել է թույլ չտալ, որ նրանք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեն։
Արձանագրությունը կազմվել է, սակայն վարորդը հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ ու նստել է իր մեքենան։ Այդ ընթացքում վարորդը չի բողոքել ինքնազգացողության վատացումից։ Այնուհետև ճանապարհային ոստիկաններին է մոտեցել ուղևորը և հայտնել, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանն անմիջապես ռադիոկապով և անձնական հեռախոսով զանգահարել է «շտապօգնություն»։
Ընդ որում, «շտապօգնության» կայանում արձանագրվել է ճանապարհային ոստիկանից ստացված երկու, իսկ ճանապարհային ոստիկանության հերթապահ մասից ստացված երեք զանգ։ Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել հենց ճանապարհային ոստիկանի զանգով ժամանած «շտապօգնության» մեքենայով։