Պետք է զգալիորեն ուժեղացնենք պաշտպանությունը, քանի որ անհատական սխալները չափազանց շատ են. Մոուրինյո
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հետնապահ «Նորվիչի» հետ ոչ ոքի (2։2) արդյունքը Անգլիայի առաջնության 20-րդ տուրում։
«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, ունեինք երեք կամ չորս գերազանց պահ, բայց բաց թողեցինք երկու շատ տհաճ գոլ։ Մենք ամեն խաղում սխալներ ենք թույլ տալիս պաշտպանությունում։
Շատ աշխատանք է սպասվում ինձ։ Մինչեւ հիմա էլ աշխատանքը բարդ էր, քանի որ պետք է թիմի թույլ կողմերը լրացնել։ Պետք է զգալիորեն ուժեղացնենք պաշտպանությունը, քանի որ անհատական սխալները չափազանց շատ են։ Դա տխրեցնում է, քանի որ մենք լավ ենք խաղում եւ չենք կարող ավելի հարձակողական խաղալ։ «Նորվիչի» խաղացողներն այնպես էին պաշտպանվում, կարծես՝ իրենց կյանքի հարցն էր դրված»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Տոտենհեմը» 30 միավորով 6-րդ տեղում է, «Նորվիչը» վերջինն է՝ 13 միավոր։