Մահացու ՃՏՊ՝ Եգիպտոսում․ զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ
Առնվազն 22 մարդ է զոհվել եւ 7-ը վնասվածքներ ստացել շաբաթ օրը Եգիպտոսի հյուսիսում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։
Ոստիկանության տվյալներով՝ Պորտ Սաիդի շրջանում տեղի է ունեցել բեռնատարի բախում ավտոբուսի հետ, որը տեղափոխել է եգիպտացի բանվորների։ Դեպքի պատճառները պարզվում են։
Սա ավտոբուսի մասնակցությամբ երկրորդ ճանապարհատրանսպորտային պատահարն է շաբաթ օրը։ Ավելի վաղ Կահիրեի եւ Հուրգադայի միջեւ միջազգային ավտոմայրուղու վրա՝ Զաֆարան բնակավայրի մոտ բախվել էին բեռնատար եւ երկու ավտոբուս, որոնց մեջ բացի եգիպտացիներից, եղել էին Հնդկաստանից եւ Մալայզիայից զբոսաշրջիկներ։ Զոհվել էր 6 մարդ, եւս 24 ուղեւորներ, այդ թվում արտասահմանցիներ, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։