Չեռնոգորիայի վարչապետը ոստիկանությանն արգելել է ուժ կիրառել ցուցարարների դեմ
Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչն արգելել է ոստիկանությանն ուժ կիրառել կրոնական ազատության մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չհամարձակվեք ուժ կիրառել ո՛չ ժողովրդի, ո՛չ քահանաների դեմ: Դուք այսօր պետք է հանդուրժողականության օրինակ դրսեւորեք»,- հայտարարել է նա:
Վարչապետը դիմել է նաեւ հոգեւորականությանը՝ նրանց խոստանալով, որ օրենքի հնարավոր ընդունումը որեւէ կերպ չի ազդի կրոնական համայնքների դիրքի վրա: «Ոչ ոք չի գա ձեր օբյեկտներ, յուրաքանչյուր քահանա կիրականացնի իր պարտավորությունները իր տեղում»,- ասել է նա:
Այժմ Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարան) պատգամավորը քննարկում են օրինագիծը: Դրա հաստատման համար պարզ մեծամասնություն է անհրաժեշտ:
Հավատցյալների ենթադրյալ ցույցերի պատճառով մոտ հազար ոստիկան շրջափակել է խորհրդարանի մուտքերը եւ Չեռնոգորիայի մայրաքաղաքի կենտրոնը: Միեւնույն ժամանակ, միտրոպոլիտ Ամֆիլոհիի եւ եպիսկոպոսների գլխավորությամբ շարասյունը շարժվում է խորհրդարանի շենքի ուղղությամբ: Ավելի վաղ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Սերբիայի ուղղափառ եկեղեցուն մեղադրել է երկրում կրոնական մենաշնորհ պահպանելու փորձի մեջ եւ հայտարարել, որ կհասնի ավտոկեֆալիայի Ուկրաինայի օրինակով: