Չինուհին որոշել է դատարանով վիճարկել արգելքը, որը թույլ չի տալիս միայնակ կանանց սառեցնել ձվաբջիջները
Չամուսնացած չինուհին որոշել է դատարանով բողոքարկել արգելքը, որը թույլ չի տալիս միայնակ կանանց սառեցնել ձվաբջիջները, տեղեկացնում է AFP-ն։
Թերեզա Սյույն ասել է, որ իրեն առաջարկել են դիմել դատարան այն բանից հետո, երբ Պեկինի առաջատար հիվանդանոցներից մեկը հրաժարվել է սառեցնել նրա ձվաբջիջները։ Դրա փոխարեն նրան խորհուրդ են տվել «ամուսնանալ եւ երեխա ունենալ»։
Չինաստանում չամուսնացած կանանց արգելված է սառեցնել ձվաբջիջները, եթե լուրջ բժշկական ցուցումներ չկան։
31-ամյա Թերեզա Սյույը դիմել է նաեւ պատգամավորի՝ հույս ունենալով, որ վերարտադրողական սահմանափակումների խնդիրը, որոնց բախվում են չամուսնացած կանայք, կարող է բարձրացվել խորհրդարանում։
Չինաստանում չամուսնացած կանանց որոշակիորեն արգելված են նաեւ օժանդակ վերարտադրողկան տեխնոլոգիաները, ներառյալ արտամարմնային բեղմնավորումը կամ սերմնահեղուկի բանկերը։
Սահմանափակումները մտցվել են այն ժամանակ, երբ Կոմունիստական կուսակցությունը փորձում էր խստորեն վերահսկել բնակչության աճը մեկ երեխայի քաղաքականության օգնությամբ։
Վերջին տարիներին Չինաստանի կառավարությունը փորձել է բարձրացնել ծնելիությունը՝ թույլ տալով բոլոր զույգերին ունենալ երկու երեխա, բայց միայնակ մայրերը նախկինի պես բախվում են խտրականության եւ իրավաբանական դժվարությունների, երբ փորձում են գրանցել երեխայի ծնունդը։