Գաբրիել Ժեզուս․ Ագուերոն արդեն երիտասարդ չէ, եկել է իմ ժամանակը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը հայտարարել է, որ պատրաստ է մրցակության եւ շուտով մշտական տեղ կունենա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։
«Ես գիտեմ, որ Սերխիո Ագուերոն իր խաղամակարդակի եւ փորձի շնորհիվ կարող է գոլ խփել ամեն խաղում։ Ես ցանկանում եմ, որ նա շարունակի նույն տեմպով, բայց ես նաեւ գիտեմ, որ նա արդեն երիտասարդ չէ եւ եկել է իմ ժամանակը։
Ես նույնպես ցանկանում եմ խաղալ ամեն խաղում, բայց իրականությունն այլ է, քանի որ մեր թիմում շատ են խաղացողները, լավագույն խաղացողները։ Ես ձգտում եմ վայելել ամեն րոպեն խաղադաշտում»,- 22-ամյա Գաբրիել Ժեզուսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Ագուերոն 31 տարեկան է։
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» դեկտեմբերի 27-ին կհյուրընկալվի «Վուլվերհեմփթոնին»։