Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. Դավիթ Շահնազարյան
Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում` նշելով, որ խոսքը Վիենա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի մասին է:
«Դեռ 2012 թվականից այս հարցը քննարկվում էր, իսկ 2016-ի ապրիլից հետո սա միակ հարցն էր, և խոսքը վերաբերում էր Արցախ-Ադրբեջան շփման գծին, այլ հարց չէր քննարկվում, իսկ Ադրբեջանը ծուղակի մեջ էր: Ցավոք սրտի, հիմա այդ օրակարգը կորցված է հենց Հայաստանի իշխանությունների ջանքերով»,- ասաց նա:
Շահնազարյանի խոսքով`Հայաստանի ներկայիս իշխանությունները անմիջապես հարց բարձրացրին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է անպայման մասնակցեն բանակցային գործընթացին, բայց, քանի որ դա արվեց լրիվ ոչ պրոֆեսիոնալ ձևով, մի հայտարարությամբ արդյունքում կա մի իրավիճակ, երբ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» լեգիտիմություն է ստանում:
«Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ներկայացուցիչներն են նշել, և եթե նկատենք, միջազգային վերլուծական կենտրոններն այդ հարցը առաջ են քաշում, չափազանց վտանգավոր հարց է»,- ասաց նա:
Նա հավելեց, որ ինքնորոշման հարցն է թուլացել, որն ընկած էր բանակցությունների հիմքում:
«Բանակցությունների հիմքում ընկած ինքնորոշման հարցը էապես թուլացել է, և ներկայիս իշխանությունները գրեթե այդ հարցը չեն հետապնդում: Նետված է մի բանաձև, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից, ինքն իր ձևով այս բանաձևն ամբողջովին հակասում է ինքնորոշման իրավունքին և, ցավոք սրտի, ներկա իշխանություններն անընդհատ շարունակում են դա պնդել»,- ասաց նա:
Շահնազարյանը նկատեց, որ չի նկատել, որ ՀՀ իշխանությունները ընդհանրապես խոսեն կարևորագույն հարցերից, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, և շարունակել է Ադրբեջանը: «Չի խոսվում այն ռազմական գործողությունների վտանգի մասին, որը գալիս է Ադրբեջանի կողմից: Իսկ Ադրբեջանը վերջին ամիսներին իրեն ներկայացնում է որպես ագրեսիայի զոհ, իսկ ՀՀ իշխանությունները այդ մասին ընդհանրապես չեն խոսում: Առաջին անգամ է, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի դիրքում են, իսկ Հայաստանը, կարծես թե, մեկ այլ դիրքում և այդ իմաստով՝ մեկուսացված: Ուստի ես դրական բան չեմ տեսնում»,- ասաց նա: