Արցախում ընտրությունները կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար. Արմեն Սարգսյանը՝ ԱԽ համատեղ նիստում (Արմեն Սարգսյան)
Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նիստին, որովհետեւ շատ բարձր եմ գնահատում երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների եւ ընդհանրապես շատ սերտ համագործակցությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ուզում եմ ողջունել Անվտանգության խորհուրդի աշխատանքը, պարոն վարչապետ, Ձեր եւ Անվտանգության խորհուրդի քարտուղարի՝ պարոն Գրիգորյանի: Ձեր աշխատանքի մասին, իհարկե, դատում եմ ըստ տեղեկատվության, որ ստանում եմ Ձեզնից եւ վերլուծական աշխատանքից, եւ կարող եմ ասել՝ բավական հետաքրքիր եւ բարձր որակ ունի, այնպես որ շնորհավորում եմ, պարոն Գրիգորյան»,-ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
«Իհարկե, այն հարցը, որ պարոն վարչապետը եւ պարոն նախագահը բարձրացրեցին, մեր ողջ ժողովրդի համար ունի հսկայական նշանակություն՝ սկսած մեր երկու հանրապետությունների եւ ընդհանրապես մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրներից: Առաջնահերթությունների մասին այստեղ խոսվեցին, ես վերջից սկսեմ, պարոն նախագահ, Դուք էլ կրկնեցիք, եւ կարծում եմ՝ սա մեզնից յուրաքանչյուրի համար շատ էական է, եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները շատ մեծ կարեւորություն ունեն, ապա Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները, կարող եմ ասել՝ կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար, որովհետեւ այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեր բոլորի համար»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ ողջունելի է, որ այսպիսի համատեղ նիստերը հաճախ տեղի ունենան եւ գուցե ավելի ընդլայնված կազմով. «Պարոն վարչապետ, որովհետեւ մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում եւ չեն ավարտվում, իհարկե, ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ նաեւ արցախյան հիմնահարցի լուծման շրջանակում: Դրանք շատ ավելի լայն են, Դուք ինքներդ նշեցիք, եւ ասենք՝ մթերքների անվտանգության խնդիրը, կիբերանվտանգության, նոր տեխնոլոգիաների, երկրի տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները: Ողջունում եմ ձեզ բոլորիդ, հաջողություններ եմ մաղթում ձեր այսօրվա եւ ընդհանրապես առօրյա աշխատանքում: Արցախին էլ մաղթում եմ արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք օրինակ կծառայեն բոլորի համար՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բարեկամներն են եւ նաեւ նույնիսկ նրանց համար, որոնք մեր երկու հանրապետությունների բարեկամները չեն: Շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում բոլորիս»: