2019-ին Գյումրիում հսկայական միջոցներ են ներդրվել, իսկ 2020 թվականին դրանք առնվազն կրկնապատկվելու են. Պապիկյան
2019 թվականին Գյումրիում հսկայական միջոցներ են ներդրվել, իսկ 2020 թվականին դրանք առնվազն կրկնապատկվելու են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, Գյումրին, այո, աղետի գոտի է, բայց աղետի գոտում կան նաեւ այլ համայքններ, որոնք պակաս ուշադրության կարքի չեն զգում. «Բայց Գյումրին այն վայրն է, որտեղ այս տարի կարողացանք ապահովել մթնոլորտի փոփոխություն: Ես համոզված եմ, որ 2020-ը Գյումրիի համար պետք է դառնա վերընձյուղման տարի: Ես վստահ եմ, որ գյումրեցին իր ներուժը նորովի է ներդնելու մեր պետության զարգացման մեջ:
Բոլոր ներդրումները, որոնք կատարվել են, 2020-ին պետք է կատարվեն, Գյումրին արժանի է դրան, արժանի են նաեւ մյուս մեր բնակավայրերը: Մենք մեծ անելիք ունենք երկրի համաչափ զարգացման ուղղությամբ: Մենք արդեն այսօր ունենք Գյումրիի նման տնտեսական այլ կենտրոններ, որոնք պետք է դառնան մեր երկրորդային քաղաքաները: Գյումրիի հաջողված փորձը պետք է տարածենք մյուս քաղաքների վրա, որոնք ունեն տեսլական, զարգացման հնարավորություն եւ մոտիվացիա»,-ընդգծեց Պապիկյանը: