Հայկական դպրոցների խնդիրը աշակերտների շրջանում քրեականացման բարձր մակարդակն է. Աղասի Թադեւոսյան
Ես չեմ ուզում ասել, որ երբ դուք հայկական դպրոցներ եք մտնում, ապա անմիջապես բախվում եք քրեական մթնոլորտի հետ, բայց մենք պետք է տեսնենք «ստվերները», որոնք զգալիորեն ազդում են դպրոցական կյանքի եւ այնտեղ համապատասխան մթնոլորտի ձեւավորման վրա: Այս մասին դեկտեմբերի 20-ին ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Կրթության ոլորտում բարեփոխումները: Առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը:
Այսպես, ըստ նրա, այս «ստվերի» դրսեւորումներից մեկն է սեռական հասունացման շրջան մտնող աշակերտների միջեւ քրեական փոխհարաբերությունների ձեւավորումը: «Այս քրեական տարրն, ըստ էության, մտածելակերպ է... Իմ 14-16 տարեկան պատանիների հետազոտման խմբերից մեկի հետ հանդիպման ժամանակ, որոնցից ոմանք Երեւանի որոշակի շրջաններից են, որտեղ դպրոցներում քրեականացման մակարդակը թույլատրելիի մակարդակը գերազանցում է, 11 մասնակցից 8-ը ինձ խոստովանեց, որ մոտը դանակ կա: Այսինքն՝ դա նրանց համար սովորական պրակտիկա է: Հնարավոր է՝ մենք դա չենք տեսնում եւ չենք կարող վերահսկել, իսկ դպրոցներում ընդհանրապես նախընտրում են դա չնկատել: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում: Այն պատճառով, որ այս ամենը վերածվել է մտածողության ոճի, նրանց համար արժեքային կատեգորիայի: Այս ամենն ուղղակիորեն հակասում է ցանկացած ռազմավարական նպատակի՝ ուղղված կրթության ոլորտում հաջողությունների ձեռքբերմանը»,- ասաց Թադեւոսյանը: