Գիշերօթիկի 260 երեխաներ վերադառնում են ընտանիքներ, որոնց բնաիրային օգնություն կտրամադրվի. փոխնախարար
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց, որով «երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից դրամական միջոցները վերաբաշխվում են «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» եւ «Երեխաների շուրջօրյա խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումներով իրականացվող ծրագրերին:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, 2020 թվականից դադարեցնում են «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միջոցով իրականացվող գիշերօթիկ խնամքի ծառայությունները:
«260 երեխաները, որոնք վերադառնում են իրենց ընտանիքներ, առաջարկում ենք ընդգրկել այս ծրագրերի շրջանակներում եւ բնաիրային օգնություն տրամադրել: Դրա մեջ մտնում է ծախսած էլէներգիայի գումարը, հագուստ, կոշիկ եւ սննդի զամբյուղ, որը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր»,-ասաց փոխնախարարը:
Իր հերթին վարչապետ Փաշինյանն ասաց, որ այն նյութական օգնությունը, որ գնում էր գիշերօթիկ դպրոցներում եւ երեխաներին բաշխվում էր այդ դպրոցների միջոցով, իր ռիսկերով, հիմա ուղիղ դա հատկացնում ենք երեխաների ընտանիքներին: