Կինն ամուսնու մարմինը 10 տարի պահել է սառցախցիկում
Յուտայում սառցախցիկում տղամարդու մարմին է հայտնաբերվել, որն այնտեղ մնացել է 10 տարի: FoxNews-ի հաղորդմամբ՝ 75-ամյա Ժաննա Սուրոն-Մազերսը մահացել է Տոոէլե քաղաքում իր բնակարանում բնական պատճառներով: Բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 69-ամյա Փոլ Էդվարդս Մազերսի մարմինը սառցախցիկում:
Ինչպես նաեւ հայտնաբերվել է նամակ, որը ստորագրել է Փոլ Մազերսը: Նամակում ասվում է, որ իր կինը չի սպանել իրեն:
Ոստիկանությունը կարծում է, որ 75-ամյա Սուրոն-Մազերսը տղամարդու մարմինը պահել է սառցախցիկում 2009 թվականից: Վերջին անգամ Մազերսին տեսել են 2009-ի փետրվարին վետերանների հարցերով հիվանդանոցում: Նոտարը, որը ստորագրել է փաստաթուղթը, հարցաքննության ժամանակ ասել է, որ չի կարդացել նամակը, պարզապես կնքել է այն եւ ստորագրել:
Ոստիկանությունը հետաքննում է, թե ինչու է կինը պահել ամուսնու մարմինը եւ արդյոք նպատակ է ունեցել սոցիալական ապահովության եւ վետերանների գործերով չեկեր ստանալ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ կինը 10 տարվա ընթացքում որպես պետական օգնություն 177 000 դոլար է ստացել: Չի բացառվում նաեւ սպանության վարկածը: