Պայմանավորվածություն՝ հայկական հարցում. Էրդողանի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը չեն կատարում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանի «անվտանգության գոտու» վերաբերյալ պայմանավորվածությունը և չեն հեռացնում այնտեղից քրդական ջոկատները: Անկարան դրանց անվանում է ահաբեկիչներ՝ նշելով, թե տեղի բնակչությունը շարունակում է Թուրքիայից ռազմական աջակցություն ակնկալել նրանց դեմ պայքարում: Անկարան Վաշինգտոնի, Մոսկվայի հետ պայմանավորվեց հոկտեմբերին, երբ ներխուժել էր Սիրիայի հյուսիս և իրականացնում էր ռազմական գործողություն քրդերի դեմ: Վաշինգտոնի և Մոսկվայի հետ պայմանավորվածության արդյունքում հայտարարվեց ռազմական գործողությունը դադարեցնելու մասին: Այժմ Անկարան հայտարարում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կատարում պարտավորությունները և չեն հեռացնում քրդական ջոկատներին:
Էրդողանի հայտարարությունն ուշագրավ է հնչում ԱՄՆ Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի ֆոնին, ինչն առավել հետաքրքիր է այն առումով, որ բանաձևի քվեարկությունից երկու օր առաջ Վաշինգտոն էր այցելել ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ հանդիպելով Պոմպեոյին ու Թրամփին: Լավրովի այցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիային առնչվող հարցեր:
Լավրովի այցն առնչություն ունեցե՞լ է հայկական հարցի ու Սենատում քվեարկության հետ՝ բարդ է ասել, սակայն խորհրդանշական կամ հատկանշական է, որ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի արդյունքում արգելափակված բանաձևը Լավրովի այցի «արդյունքում» Սենատում ընդունվեց առանց արգելափակման:
Սիրիայի հյուսիսում պայմանավորվածությունները չկատարելու մեղադրանքը, որ Էրդողանը հղում է Վաշինգտոնին և Մոսկվային, ըստ երևույթին ակնարկ է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ինչ-որ բան են պայմանավորվել Անկարայի դեմ: Դրա մեջ կարող է դիտարկվել նաև Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը Սենատում:
ԱՄՆ-ում հայկական հարցի քաղաքական շրջանառության նոր՝ բարձր մակարդակի ամրագրումը Անկարայի համար բարձրացնում է Մոսկվայի գինը: Բարձրացնելով այդ գինը՝ Վաշինգտոնը Կրեմլին տալիս է Թուրքիայի հետ հարաբերությունում ավելի բարձր խոսելու հնարավորություն: Միաժամանակ Նահանգներն այդպիսով քաղաքական բավականին շոշափելի ազդակ է հղում Հայաստանի հետ հարաբերության նոր մակարդակի առնչությամբ, ինչը Ռուսաստանին նոր իրողության և դրանից բխող անհրաժեշտությունների առաջ է դնում նաև Հայաստանի հետ հարաբերության առումով: Այդ հարաբերության տրանսֆորմացիայի հարցը Երևանը բարձրացրել է թավշյա հեղափոխությունից հետո՝ հայտարարելով, որ այն պետք է կառուցվի ռազմավարական դաշնակցության, սակայն միաժամանակ միմյանց ներքին գործերին չմիջամտելու և ինքնիշխանության սկզբունքի վրա: Անկարան լավ է պատկերացնում, որ հայ-ռուսական հարաբերության այդ տրանսֆորմացիան փաստացի հանգեցնելու է ռուս-թուրքական հարաբերության ներկայիս բազային տրամաբանության, այն է՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի չեղարկման:
Հայ-ռուսական հարաբերության այն տրամաբանության շրջանակում, որն առաջարկում է Երևանը, Անկարան գործնականում դուրս է մղվելու ռեգիոնալ ռազմաքաղաքական անվտանգության համակարգի առաջին շարքից: Այդ շարքը կազմելու են Վաշինգտոնը, Մոսկվան ու Երևանը: Անկարան կարող էր հույս ունենալ Մոսկվայի դիրքորոշման հարցում մրցակցել Երևանի հետ, սակայն եթե Վաշինգտոնը միանում է հայ-ռուսական հարաբերության վերափոխման Երևանի օրակարգին և աջակցում դրան, Անկարայի համար խնդիրը բարդանում է շատ:
Նյութի աղբյուրը՝ 1in.am