Ռոնալդու. Կցանկանամ «Ռեալի» հետ հանդիպել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել իր նախկին թիմի՝ «Ռեալի» հետ:
«Ուրախ կլինեմ, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպեմ «Ռեալի» հետ: Կարծում եմ՝ անհետաքրքիր կլինի, եթե «Ռեալի» պես հզոր թիմի հետ դիմակայությունը տեղի ունենա 1/8 եզրափակիչում»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: Առաջին զամբյուղում են խմբերի հաղթողներ «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենտուսը», «ՌԲ Լայպցիգը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն եւ «Վալենսիան»։
Երկրորդ զամբյուղում են երկրորդ տեղերը գրաված Դորտմունդի «Բորուսիան», «Չելսին», «Լիոնը», «Նապոլին», «Ռեալը», «Աթլետիկոն», «Տոտենհեմը» եւ «Ատալանտան»։
1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն լիգայի ներկայացուցիչներն ու խմբային փուլում արդեն հանդիպած թիմերը։ Առաջին զամբյուղի թիմերը 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացնեն տանը։