Վարկերը տարերային աղետ չեն․ «Իմ քայլը»
Վարկային նոր միջոցների ներգրավման մեջ ոչ մի վատ բան չկա։ Այս մասին դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդհանուր ավելի քան 120 մլն եվրոյի չորս վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
Նա, մասնավորապես, հայտնեց իր գործընկերներին, որ աշխատել է վարկերի գծով մասնագետ եւ գիտի՝ մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչ են իրենցից ներկայացնում վարկերը, եւ այդ պատճառով վատ են վերաբերվում դրանց ներգրավմանը։ «Թանկագին հայրենակիցներ, վարկերը տարերային աղետ չեն»,- ասաց Փամբուխչյանը՝ հավելելով, որ միջազգային կազմակերպությունները նախօրոք հաշվել են՝ կարող է արդյոք Հայաստանը մարել այդ վարկերը, թե ոչ, եւ միայն դրանից հետո են համաձայնել դրանք տրամադրել։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է դրել 4 համաձայնագրեր ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով վարկերի մասին, որոնք ծրագրվում է ստանալ մինչեւ տարվա վերջը։ Այդ գումարով իշխանությունները ուզում են փակել 2019թ․ բյուջեի դեֆիցիտը։ Ընդդիմադիր եղած ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկերի ներգրավման դեմ էր հանդես գալիս։