Կառավարությունը որոշեց հայտարարել բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում որոշեց հավանություն տալ «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին» որոշման նախագծին։ Որոշման նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Առաջարկվում է հայտարարել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրա¬պետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 74 բժիշկ-մասնագետ: Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման¬ված ժամկե¬տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծա¬ռա¬յու¬թյուն անցած զինծառայողներին»,-նշեց նա:
Տոնոյանը մանրամասնեց, որ «մինչև» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ եթե չկարողանան զորակոչել այդ քանակությամբ մասնագետների, չլինի, որ որոշումը չի կատարվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է ենթադրվում, որ չեն կարողանալու կատարել։ Տոնոյանն արձագանեց՝ նեղ մասնագիտացմամբ բժիշկների պակասով․ «Երկու ուղղությամբ է կատարվում զորակոչը՝ առաջինը հոսպիտալային օղակն է համալրվում, որտեղ նեղ մասնագետների պահանջը կա, և զորային օղակը՝ զորամասերի բժիշկներն են»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց․
«Իրականում ուրիշ խնդիր էլ կա՝ օրենսդրության փոփոխությամբ բժիշկները 18 տարեկանում գնում են ծառայության որպես շարքայիններ, և հետագայում որպես սպա չեն գնալու ծառայելու, այսինքն՝ այդ բժիշկների թիվը աստիճանաբար ամեն տարի իջնելու է»։