Գիտնականները խորհուրդ են տալիս վիրահատության ժամանակ դասական երաժշտություն միացնել
Վիրահատության ժամանակ սաունդթրեքի լավագույն ընտրությունը դասական երաժշտությունն է, պնդում են Դանդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ Ստոկհոլմի համալսարանի (Շվեդիա) գիտնականները: International Journal of Surgery ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դասական երաժշտությունը վիրաբույժներին իսկապես օգնում է ավելի լավ աշխատել:
«Նովոստի Mail.RU»-ն հայտնում է, որ նշված գիտնականները կատարել են 18 հետազոտությունների վերլուծություն՝ նվիրված, այսպես կոչված, «Մոցարտի էֆեկտին»: Խոսքն այն մասին է, որ դասական երաժշտությունն ունկնդրելիս նվազեցնում է սթրեսի մակարդակը եւ մեծացնում ուշադրության կենտրոնացումը:
Այս արդյունքին հավատում են ամենեւին ոչ բոլոր մասնագետները, սակայն վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ վիրաբույժների դեպքում, համենայնդեպս, այն իսկապես տեղ ունի: Երբ վիրահատարանում հնչում է ցածրաձայն դասական երաժշտություն, բուժանձնակազմի գործողությունների ճշգրտությունը 11 տոկոսով մեծանում է, իսկ միջամտության կատարման արագությունը՝ 10 տոկոսով:
Վիրահատարանում դասական երաժշտությունն օգնում է նաեւ պացիենտներին. այս դեպքում նրանք ցավազրկողների կամ անզգայացնողների ավելի քիչ կարիք են ունենում:
Մասնագետները շեշտում են, որ վիրահատության ժամանակ չպետք է հնչի բարձր, ռիթմիկ երաժշտություն, քանի որ շեղում է վիրաբույժներին, մեծացնում սխալների եւ հետվիրահատական վարակների վտանգը: