«Չելսին» հունվարին 150 միլիոն եվրո կծախսի տրանսֆերների վրա
Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմն ուժեղացնելու նպատակով պատրաստ է ծախսել շուրջ 150 միլիոն եվրո, տեղեկացնում է The Telegraph-ը:
Ֆրենկ Լեմպարդի գլխավորած մարզչական շտաբի կազմած ցուցակում ընդգրկվել են ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է «Չելսիի» բողոքարկումը՝ կրճատելով ՖԻՖԱ-ի կողմից «Չելսիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցները:
ՖԻՖԱ-ն փետրվարին «Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության գործարքներում կեղծիքներ էր հայտնաբերել և զրկել էր լոնդոնյան ակումբին 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից: