Քաղավիացիայի կոմիտեն տեղական և արտասահմանյան ավիաընկերությունների համար հավասար պայմաններ կստեղծի. Տաթևիկ Ռևազյան
Հնարավոր է՝ շուտով շուկա մտնի նոր հայկական ավիաընկերություն, որն արդեն գրանցվելու հայտ է ներկայացրել: Այս մասին դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ռեւազյանի խոսքով՝ ավիաընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ամառվա սեզոնին թռիչքներ են իրականացնելու 13 ուղղությամբ:
«Շաբաթական կիրականացվի 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ավիաընկերությունը ունենալու է 388 հազար վարէջքային վայր: Ավիաընկերությունը միաժամանակ հայտարարել է, որ մոտական ամիսներին ստեղծելու է 200-ից ավելի աշխատատեղ»,- պարզաբանեց քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը:
Ռեւազյանն, ընդ որում, շեշտեց, որ իրենք հնարավոր ամեն ինչ անելու են, որ տեղական եւ արտասահմանյան բոլոր ավիաընկերությունները հավասար պայմաններով աշխատեն: