Ռեկտորի պաշտոնը պետք է նշանակովի լիներ․ ԵՊՀ ռեկտորի ԺՊ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը կարծում է, որ ռեկտորի պաշտոնը պետք է նշանակովի լիներ: Այս կարծիքը նա հայտնեց այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Եթե մի պահ պատկերացնենք, որ բուհի Հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լինեն միայն համալսարանականներ, ապա կսկսվի անառողջ պայքար, քանի որ այն բարձրագույն մարմին է և օժտված է լիազորություններով, և պարզ է, որ այդ կազմի անդամները շահերի բախում կունենան ռեկտորի հետ։ Եթե լինեն նաեւ կառավարության ներկայացուցիչներ, ես կարող եմ որևէ բան պահանջել կառավարությունից, իշխանությունից և պնդել, որ եթե մասնակցում են բուհի կառավարմանը, ապա պետք է նաև աջակցեն, օգնեն: Եվ ես այդտեղ ինքնավարության սահմանափակում չեմ տեսնում»,- ասաց նա՝ ուսանողների նախաձեռնած հանդիպմանը։
ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծից։
Հիշեցնենք, որ ուսանողները օրեր առաջ բողոքի ակցիա էին անցկացրել Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ՝ պահանջելով իրենց հետ հանդիպում: Ուսանողները ռեկտորից դրական պատասխան ստանալուց հետո դադարեցրել էին բողոքի ակցիան եւ դրան նախորդող օրը վերսկսած դասադուլը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրենքի նախագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձևական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց:
Վիճահարույց օրինագիծը առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է: