Աբսուրդի հասնող բյուրոկրատիան խոչընդոտում է ինովացիաների զարգացմանը. փորձագետ
Ինովացիաները Ռազմարդյունաբերական համալիրի շարժիչ ուժն են, սակայն կարիք ունեն «հավելյալ ուժերի» աջակցության: Այդ մասին «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղի» 7-րդ բիզնես-ինովացիոն ֆորումի (BIF-2019) ժամանակ հայտարարել է Ռազմական արդյունաբերության պետական հանձնաժողովի նախագահ Ավետիք Քերոբյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ ինովացիաների հասցեատերը պետք է հետաքրքրված դրանք ստեղծելու մեջ եւ պատրաստ լինի կիրառել դրանք: Բանակի համակարգում ինովացիաների ներդրումը բարդ գործընթաց է, քանի որ ինքը՝ համակարգը, շատ պահպանողական է: Զինված ուժերում գտնում են, որ պարտավոր են հետեւել եւ թարմացնել առկա համակարգը եւ կիրառել այն հնարավորինս երկար ժամանակ: Ինովացիաների դեպքում համակարգը կանգնած է երկընտրանքի առաջ՝ ինչ անել արդեն առկա սպառազինման հետ, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվել եւ որոնք կիրառելու համար վերապատրաստվել են մասնագետներ եւ այլն: «Պետք է ստեղծվեն նոր տեսակի սպառազինություններ, քանի որ նոր մոտեցումները ենթադրում են նոր սպառազինություններ, նոր մոտեցումներ եւ այլն»,-հայտարարել է Քերոբյանը: Նա ընդգծել է, որ հին մտածելակերպից ազատվելու եւ «հին մեթոդների» դեմ պայքարելու ձգտում ունենալու դեպքում բանակը ձեռք կբերի բոլորովին այլ իմիջ: Քերոբյանը համոզված է, որ ինովացիաների շնորհիվ կարելի է ձեւավորել հաղթանակած հայոց բանակի կերպարը:
Masys Information Systems ընկերության հիմնադիր Արմեն Մանուկյանը մատնանշել է «աբսուրդի հասնող» բյուրոկրատիան: Նա նշել է, որ ռազմական ինժեներները զբաղվում են գրագրությամբ եւ հնարավորություն չունեն իրենց ուղիղ պարտականությունները կատարել: Նա նշել է համակարգում մեծաքանակ ստուգումների մասին, որոնց պատճառով պատասխանատու անձինք պարզապես խուսափում են ինովացիոն որոշումներ կայացնել: Նա ընդգծել է, որ պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ է հաղթանակ տանել նաեւ ներքին ճակատում: