ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր ստորագրահավաք են անցկացնում Արմավիրի մարզի քաղաքում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ստորագրահավաք են անցկացնում Արմավիրի մարզի քաղաքում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Նախքան ստորագրահավաքը սկսելը հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին:
«1.5 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը չբերեց իր բարիքները եւ գնալով կյանքն ավելի վատացավ: Դրա հետեւանքով այսօր արմավիրցին կրկին բռնել է արտագաղթի ուղին: Այս հեղափոխությունը մեզ բացարձակապես ոչինչ չտվեց, գնալով ավելի խորացան խնդիրները, գնալով ավելի վատացավ իրավիճակը: Այսօր բանը հասել է նրան, որ արդեն վտանգվել է մեր ընտանիքը, խարխլվում է մեր ընտանիքի հիմքերը, մեր ազգային արժեքները, վտանգված է մեր ազգային անվտանգությունը: Այսօր մենք մեր դաշնակիցների հետ օր-օրի վատացնում ենք մեր հարաբերությունները: Մենք այս Հայաստանը չէինք ուզում, մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ Արցախի ազատամարտում հերոսացած տղաներին, գեներալներին, Արցախի հերոս նախագահին կարող են կալանավորել»,- ասաց երկրորդ նախագահի աջակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ «Հաղթանակ» շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս, Վանաձոր քաղաքներում։