Հայաստանը, որպես տեխնոլոգիաների օգտատեր, ոչնչով չի տարբերվում Զիմբաբվեից
Հայաստանը, որպես տեխնոլոգիաների օգտատեր, ոչնչով չի տարբերվում Զիմբաբվեից՝ չնայած զգալիորեն առանձնանում է տեխնոլոգիական պոտենցիալով: Այդ մասին այսօր 7-րդ Բիզնես-ինովացիոն ֆորումի (BIF-2019) քննարկումների ժամանակ հայտարարել է «Իրական դպրոց»-ի եւ «e-Hayq» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների ու սպառազինության պետական գնումների հարցում Հայաստանը պարտություն է կրում, երկրի իշխանությունները ավանդաբար նախընտրում են հնացած, սակայն պարտադիր արտասահմանյան համակարգերն ու տեխնոլոգիաները: Նա համաձայնվել է, որ որոշակի առաջընթաց կա, մասնավորապես, ԱԱԾ-ի հետ ինովատորների համագործակցության գծով, սակայն ընդգծել է, որ դա բավարար չէ: «Սակայն այստեղ խոսքը վերաբերում է վերլուծությանը, ոչ թե սինտետիկային: Այսինքն՝ մենք ոչ մի նորույթ չենք ստեղծում, այլ ստուգում ենք արդեն գոյություն ունեցողը, ստուգում ենք, թե որքանով է ուրիշների ստեղծածն անվտանգ»,-հայտարարել է Պողոսյանը անցկացված հաքաթոնների մասին խոսելիս: Նա ընդգծել է, որ «վերլուծության հաշվին հեռու չես գնա»: «Վերլուծության համար ծախսված յուրաքանչյուր դրամը եկամտաբեր չէ, մինչդեռ նորույթ ստեղծելու մեջ ներդրված գումարը կարող էր եկամուտ բերել»,-համոզված է Պողոսյանը:
Masys Information Systems ընկերության հիմնադիր Արմեն Մանուկյանը նշել է, որ քանի դեռ Հայաստանը չի ներդրել սեփական նորարարությունները, երկիրը լիովին անկախ չի լինի: Նա ընդգծել է, որ ներկայում հայ մասնագետների ծրագրավորած պրոդուկտները կիրառվում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, եւ անհրաժեշտ է հասնել նրան, որ դրանց նախնական գործածությունն իրականացվի հենց Հայաստանում: «Հայաստանը պետք է դառնա նորարարությունների բարեհաջող ներդրման ինքնատիպ լաբորատորիա»,-համոզված է նա:
ԱԱԾ-ի ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը չի համաձայնվել իր գործընկերոջ գնահատականի հետ: Նա նշել է, որ ԵՄ-ի ներկայիս պահանջների պայմաններում Հայաստանի որեւէ ընկերություն չի կարողանա միայնակ մասնակցել եվրոպական գրանտային կամ վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրերում: Սակայն այսօր կան հայ ծրագրավորողների մասնակցության օրինակներ նախագծերում, որոնք ստեղծվում են գրեթե զրոյից, հայտարարել է Դանիելյանը՝ խոստովանելով, որ միջոցների մի մասը ծախսվում է միջազգային փորձագետների հետ համագործակցության ուղղությամբ: «Այդ պարագայում ոչինչ անել հնարավոր չէ, այդպիսին է ԵՄ-ի քաղաքականությունը: Բնականաբար, պետական ֆինանսավորման դեպքում իրավիճակն այլ է»,-հայտարարել է նա: