Գործարար Յորգան Ֆենեքը մեղադրվում է մալթացի լրագրողի սպանությանը հանցակցելու մեջ
Մալթայում գործարար Յորգան Ֆենեքին մեղադրանք է առաջադրվել լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության համար, գրում է The Guardian-ը:
Խաղատների եւ անշարժ գույքի բիզնեսով զբաղվող 38-ամյա Ֆենեքը ձերբակալվել էր շաբաթ երեկոյան:
Նա մեղադրվում է հանցագործությունը կազմակերպելու, լրագրողի սպանությանը հանցակցելու եւ պայթյունի իրականացման գործում մասնակցություն ունենալու մեջ, որի հետեւանքով զոհվել է Գալիցիան:
Ֆենեքը հերքում է բոլոր մեղադրանքները: Նա ձերբակալվել է, իսկ նրա հաշիվները սառեցվել են ոստիկանության հարցման հիման վրա:
Ֆենեքի փաստաբանները իրենց պաշտպանյալին ազատելու համար միջնորդություն չեն ներկայացրել:
Ավելի վաղ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ լրագրողի սպանության հետեւանքով երկրում առաջացած ճգնաժամի պատճառով: Գալիցիայի ընտանիքը եւս պնդում է, որ վարչապետը հրաժարական տա:
Դաֆնե Կարուանա Գալիցիան զբաղվում էր Մալթայի իշխանական շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությամբ: Գործակալության հաղորդմամբ՝ 2017 թվականի փետրվարին լրագրողն իր բլոգում պնդել է, որ 17 Black ընկերությունը, որի սեփականատերը գործարար Ֆենեքն է, կապված է Մալթայի քաղաքական օղակների ներկայացուցիչների հետ: Լրագրողի ավտոմեքենան պայթեցվել էր 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, որի հետեւանքով լրագրողը տեղում մահացել էր: