Անտեր դիտահոր. Բնակիչները բողոքում են, որ այն մի քանի ամիս է` բաց է (Տեսանյութ)
Երևանի Սիլիկյան թաղամասում դիտահորը մի քանի ամիս է՝ բաց է: Բնակիչները չեն կողմնորոշվում` որ մարմինն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, սակայն շուտափույթ լուծում են պահանջում:
«Լյուկը կառուցվել է 2006 թվականին, էն ժամանակ «Երևան ջրի» կողմից: Օգոստոս ամսին «Սանիթեքի» մեքենան կանգնել էր դիտահորի վրա և այն փլուզվեց, սակայն մեր միջոցներով գծերը վերանորոգվեցին, իսկ դիտահորը մնաց: Պարզ չէ` ով պետք է կառուցի: Քաղաքապետարանը պնդում է, որ իր գործառության մեջ չի, թաղապետարանը նույնպես և «Վեոլիա» ջուրը նույնպես»,- NEWS.am-ի հետ զրույցում ասփլ է բնակիչներից Լևոն Մալխասյանը:
Նրա խոսքով` իրենք չեն կարող վերանորոգել, քանի որ նախագծային հաշվարկներ են դրա համար անհրաժեշտ: Մալխասյանը ասում է` միայն թող ասեն, ով է պատասխանատու, իրենք էլի դեմ չեն 10 ընտանիքներով դիտահորը վերանորոգելուն:
«Եթե հանրապետության սահմաններից դուրս է էս դիտահորը, խի՞ ենք հարկեր մուծում»,- վրդովվեց բնակիչը:
Քաղաքապետարանից ուղղորդել են թաղապետարան, այնտեղից էլ ասել են, որ իրենք անհրաժեշտ մասերը կտրամադրեն, որ բնակիչները իրենց միջոցներով վերանորոգեն:
«Բայց մենք էլ վերանորոգենք կարող է մի հատ ժիգուլի գա կանգնի, էդ ժամանակ ովա պատսխան տալու»,-հավելեց բնակիչը: