Դատախազությունը «ԿամԱԶ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «ԿամԱԶ»-ներ են «նվիրել»: Նա հայտնել էր նշել էր, որ «ԿամԱԶ»-ների մի մասը նվեր է ստացվել Սամվել Ալեքսանյանի կողմից:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը, սակայն, հերքել էր՝ ասելով, թե «ԿամԱԶ»-ները Սամվել Ալեքսանյանից չեն նվեր ստացել։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հրապարակել էր նվիրատուների ցանկի մի մասը, ինչի վերաբերյալ դարձյալ Դավիթ Խաժակյանը կասկած էր հայտնել՝ ասելով, որ «Ն և Ս քանսթրաքշն» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի տիկնոջը, քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ները նվիրել է շինթույլտվության դիմաց։