Նոր Զելանդիայում հրազեն ունեցողները բողոքում են օրենքի խստացման դեմ
Նոր Զելանդիայում հրազեն ունեցող 50 մարդ բողոքի ակցիա է իրականացրել զենք ունենալու օրենքի խստացման դեմ Քրայսթչերչում զանգվածային հրաձգությունից հետո, որի զոհ դարձավ 50-ից ավելի մուսուլման, տեղեկացնում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնի ջանքերն այս հարցում բարձր գնահատականի են արժանացել արտասահմանում, բայց բուն Նոր Զելանդիայում նա բախվել է դիմադրության՝ հանձինս ընդդիմադիր Ազգային կուսակցության, զենքի կրման հարցը լոբբիի ենթարկող խմբերի եւ անգամ սովորական քաղաքացիների։
Շաբաթ օրը հրազեն ունեցողները Օքլենդում փողոց են դուրս եկել՝ տանելով պաստառներ «Դա կվնասի շարքային նորզելանդացիներին» եւ «Անվտանգ եղեք, հանեք զենքի մասին օրենքը» կարգախոսներով։
Ներկայում, երկրի խորհրդարանում քննարկվում է զենքի գրանցման եւ հրազեն ունեցողների ստուգման կանոնների խստացման հարցը։ Ապրիլին խորհրդարանը ընդունել էր օրենք, որը կարգավորում է կիսաավտոմատ հրազենի օգտագործումն ու վաճառքը։