Կանադայում ցանկանում են փոխել քաղաքի անվանումը «թունավոր» ասոցիացիաների պատճառով
Կանադական Ասբեստոս քաղաքը փորձում է ցրել իր անվան հետ կապված տհաճ զգացողությունները՝ փոխելով անվանումը, տեղեկացնում է Fox News-ը։
Մոտ 7000 բնակիչ ունեցող քաղաքի վարչակազմը Քվեբեկում հայտարարել է, որ որոշել են փոխել քաղաքի անվանումը, որովհետեւ այն «տհաճ նշանակություն» ունի։
«Ասբեստը իսկապես բացասաբար է ընկալվում։ Մենք բիզնեսներ ենք կորցրել. մարդիկ չեն ցանկանում այստեղ որեւէ գործ բացել անվան պատճառով»,- ասել է քաղաքապետ Հյու Գրիմարը։
Տասնամյակներ շարունակ քաղաքը զբաղվել է ասբեստի արդյունահանմամբ։
Հիմա այդ հանքանյութը արգելված է գրեթե ողջ աշխարհում, քանի որ համաձայն վերջին հետազոտությունների՝ այն կարող է վնասել թոքերն ու հանգեցնել քաղցկեղի։
Գրիմարը տեղեկացրել է, որ քաղաքի նոր անունը կհայտարարվի հաջորդ տարի։
Նրա խոսքով՝ քաղաքի բնակիչները կմասնակցեն նրա վերանվանմանը։