Բրազիլիայի դատարանը չեղարկել է Պարագվայի նախկին նախագահին ձերբակալելու օրդերը
Ուրբաթ Բրազիլիայի դատարանը բավարարել է Պարագվայի նախկին նախագահ Օրասիո Կարտեսի պաշտպանող կողմի միջնորդությունը նախնական կալանքը չեղարկելու մասին՝ այդկերպ չեղարկելով նրան ձերբակալելու մասին միջազգային օրդերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կարտեսի պաշտպանյալներին հաջողվել է հասնել նրան, որ մեղադրյալը մասնակցի դատավարությանը՝ գտնվելով ազատության մեջ»,-ասվում է Última Hora պարբերականի նյութում:
Ավելի վաղ նոյեմբերին Ռիո դե Ժանեյրոյի դաշնային դատարանը օրդեր էր տվել Պարագվայի նախկին նախագահին ձերբակալելու համար Lava Jato («Ավտոլվացման կետ») հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում, որը վերաբերում էր Petrobras նավթային ընկերությունում խոշոր կոռուպցիոն սկանդալին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Կարտեսն օգնել է թաքցնել ակտիվներն ու խուսափել արդարադատությունից գործով անցնող գլխավոր դերակատարներից մեկին՝ հուլիսին ձերբակալված Դարիո Մեսերին: Մեսերը համարվում է որպես կենտրոնական դերակատար 1.6 միլիարդ դոլարի չափով շորթման եւ փողերի լվացման սխեմայում:
Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ներկայացուցիչներ ստացել են միլիոնավոր կաշառքներ բրազիլական էներգոհսկա Petrobras-ի հիմնական կապալառուներից մեկից՝ Odebrecht-ից: Համաձայն ԱՄՆ-ի դատարանի տեղեկությունների՝ Odebrecht-ը վճարել է օտարերկրյա քաղաքական գործիչներին եւ իշխանությունների ներկայացուցիչներին ընդհանուր առմամբ 439 միլիոն դոլար 2001-2016 թվականներին: Շահավետ գործարքների դիմաց շինարարական հսկայից «որպես շնորհակալություն» ստացած անձանց թվին են պատկանում բարձրաստիճան պաշտոնյաներ Արգենտինայից, Կոլումբիայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Էկվադորից, Գվատեմալայից, Մեքսիկայից, Պանամայից, Պերուից, Վենեսուելայից:
Կարտեսը ղեկավարել է Պարագվայը 2013-2018 թվականներին: