Ֆրանսիական մի շարք ընկերություններ ՀՀ-ում ներդրումներ ունենալու հետաքրքրություն են հայտնել. Դեսպանը՝ Մհեր Գրիգորյանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարեւորել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:
Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության հաջողություններին եւ ձեռքբերումներին:
Քննարկվել է ֆրանսիական կապիտալով Հայաստանում առկա ընկերությունների գործունեությունը: Ժոնաթան Լաքոտը նշել է, որ ֆրանսիական մի շարք կազմակերպություններ եւս Հայաստանում ներդրումներ ունենալու հարցում հետաքրքրություն են հայտնել:
Փոխվարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալող հնարավոր նոր ֆրանսիական կազմակերպություններ ունենալու գաղափարը եւ ընդգծել, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում մեր երկրում առավել բարենպաստ բիզնես միջավայր եւ ճիշտ գործարար մշակույթ զարգացնելու ուղղությամբ: