Նախարարը, տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը նորից կպարգեւատրվե՞ն ակնհայտ ձախողման համար. ՀՅԴ-ական տնտեսագետ Թադևոս Ավետիսյան
Առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ անդրադառնալու պետական բարձր պաշտոն զբաղեցնողների ինքնապարգեւատրումների ու պարգեւատրումների արատավոր գործընթացին, որն արդեն ունի հուժ գաղտնի բնույթ, նաեւ՝ անօրինական դրսեւորումներ: Այս մասին իր հոդվածում նշում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, գրում է. «Զուգահեռաբար փաստել ենք՝ իշխանափոխությունից հետո աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Առարկայական խնդիր է նաեւ այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակը: Այս խնդիրների համար յուրային ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:
Փոխարենը՝ «նոր» Հայաստանի առաջին օրերին բացառապես սուբյեկտիվ դրդապատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նվիրումով, աշխատել են ջանք չխնայելով, եւ որ ամենակարեւորն է՝ ազնիվ մղումներով:
Ցավոք պետք է արձանագրենք, որ բերված փաստերն ավելանում են նոր օրինակներով:
Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 21-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառված էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկը, ըստ որի՝ կառավարությունը ամբողջությամբ վերաշարադրեց ընդամենը երեք շաբաթ առաջ այդ նույն նախարարության առաջարկով ընդունած իր որոշումը: Այս որոշմամբ նախատեսված էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել կապիտալ դրամաշնորհ 1,9 միլիարդ դրամի չափով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու նպատակով: Որոշման ամբողջական փոփոխության համար բերված հիմնավորումն էլ հետեւյալն է՝
փոփոխությունը պայմանավորված է որոշման մեջ առկա խնդիրները կարգավորելու, հնարավոր բացթողումները վերացնելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում կապահովվի մանկատների շրջանավարտների բնակարանի հարցի լուծման արդյունավետ տարբերակ: Եվ այս նոր տարբերակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզել է որոշման ընդունումից հետո՝ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ կադաստրի կոմիտեի հետ ունեցած քննարկումների արդյունքում:
Փաստորեն ստացվում է՝ առանց անհրաժեշտ բովանդակային քննարկումների նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշման նախագիծ: Ընդունում են որոշում: Հետո նոր՝ որոշման իրականացման ընթացքում քննարկումներ են ունենում: Եվ քննարկումների արդյունքում պարզվում է՝ որոշման ընդունումից ընդամենը երկու շաբաթ անց պետք է ամբողջությամբ փոխվի իրենց որոշումը եւ հաստատվի նոր կարգ:
Իհարկե, առանձին խնդիր է նաեւ այս որոշման իրականացման բուն գործընթացի կազմակերպումը՝ ոլորտային կառավարման այսպիսի պայմաններում:
Պետական թափանցիկ կառավարման առումով էլ ակնհայտ խնդիր է այն, որ խնդրահարույց այս նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգ էր ընդգրկվել՝ որպես չզեկուցվող հարց: Եվ ընդունվեց՝ առանց կառավարության նիստում բարձրաձայնվելու:
Բնական հարց է առաջանում. «Այս ակնհայտ խնդիրների համար առաջնային պատասխանատու հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյանները պետք է շարունակեն ստանալ պարգեւատրու՞մ՝ իրենց աշխատավարձի չափով, թե՞ ...»:
Իրավական առումով հատկանշական է այն, որ գործող օրենքով պետական պաշտոնյան պարգեւատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի համար: Իսկ ակնհայտ ձախողումների համար առանձին խումբ բարձրաստիճանների պարգեւատրման՝ օրենքով սահմանված հիմքեր դեռեւս չկան: