Իրավապաշտպանները մարդկության դեմ հանցագործությունների համար դատի են տվել Բրազիլիայի նախագահին
Բրազիլացի իրավապաշտպանների խումբը հայց է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CartaCapital թերթին։
«Իր կառավարման ամենասկզբից նախագահ Բոլսոնարուն իրավախախտումների, ինչպես նաեւ բռնարարքների կոչ է արել բնիկ ժողովուրդների հանդեպ, վատացրել է վերահսկողական մարմինների վիճակը, աշխատանքից ազատել է գիտական հաստատությունների վաստակավոր հետազոտողներին եւ բացահայտորեն անտեսել է Ամազոնիայում բնապահպանական հանցագործությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին հրդեհները Ամազոնիայում ոչնչացրել են ավելի քան 6,5 մլն հա անտառներ։ Կրակի տարածման հետ կապված՝ Բրազիլիայի բնակչությունը սկսել է քննադատել Բոլսոնարուին ու նրա կառավարությանը, որ նրանք պատշաճ ուշադրության չեն արժանացնում շրջակա միջավայրը։ Իշխանություններն իրենց հերթին վստահեցնում են, որ հրդեհների մի մասը պայմանավորված է սեզոնային պատճառներով, մյուս մասը կանխամտածված հրդեհման հետեւանք է։