Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ աշխարհում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման հարցում
Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ աշխարհում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման հարցում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությանը կարող է խթանել մասնավոր ոլորտի, միջազգային գործընկերների, առանձին պետությունների հետ համագործակցությունը: «Պարենային անվտանգության հարցը կարեւոր է ոչ միայն սննդամթերքի ապահովման, այլ նաեւ մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից՝ որպես էկոնոմիկայի կարեւորագույն շարժիչ ուժ, առանց որի Հայաստանի բոլոր նպատակները կարող են ձախողվել»,- նշել է նա:
Նախարարի խոսքով՝ պետք է ներդաշնակեցնել բոլոր շահագրգիռ եւ հայրենական կողմերի գործողությունները: «Այդ գործողությունները պետք է հաշվի առնեն ԵՏՄ ընդհանուր ինտեգրացիոն տարածքի հատկությունները, ինչպես նաեւ փոխառեն եվրոպական փորձը, ինչը կարող է բիզնեսն ապահովել միջնաժամկետ հեռանկարում փոփոխությունների մասին գիտելիքներով: Այդ ամենը, իր հերթին, կօգնի առավելագույնս լիարժեք օգտագործել Հայաստանի արտահանման ներուժը», -նշել է նա:
Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է Իտալիա հայկական պատվիրակության այցի մասին, որի ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Անկասկած, Իտալիայից սովորելու բան ունենք: Դա վերաբերում է նաեւ գյուղատնտեսության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը: Հռոմը պատրաստ է իր փորձը փոխանցել, ինչը Հայաստանին թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել սննդի արտադրությունը եւ ամբողջ շղթան՝ սննդի արտադրությունից մինչեւ սպառում»,- եզրափակել է էկոնոմիկայի նախարարը: