Արձանագրվել է տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստ. քրգործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության եւ տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում գտնվող Կողբավանի հրաբխային տուֆերի Սեւակասարի տեղամասում, նախկինում շահագործված հանքավայրում 2019 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին ՍՊ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի, արդյունահանվել է 1824 խմ՝ 45.6մլն դրամի տուֆի զանգված: Դրանով էական վնաս է պատճառվել ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման եւ դրա հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: