ԱՄՆ-ը անհանգստացած է Թուրքիայում ռուսական С-400 համակարգերի փորձարկումնեից․ Պոմպեո
ԱՄՆ-ը անհանգստացած է Թուրքիայում ռուսական С-400 համակարգերի փորձարկումների անցկացումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հավելելով, որ խնդրի լուծման համար Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ բանակցությունները դեռեւս շարունակվում են, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը հասկացրել է Թուրքիային, թե Վաշինգտոնը ուզում է, որ Անկարան հրաժարվի С-400-ների շահագործումից։ «Մենք հուսով ենք։ Մենք դեռեւս խոսում ենք թուրքերի հետ, դեռեւս փորձում ենք պարզել»,- ասել է նա։
Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները փչացել էին Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ С-400 համակարգերի գնման պատճառով։ Ըստ Վաշինգտոնի, այդ համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի պաշտպանության հետ, եւ սպառնալիք է ներկայացնում F-35 անտեսանելի ռմբակոծիչների համար։