ԵՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիմքով
ԵՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիմքով, եւ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի այս կամ այն փաստաթղթի վրա վետո դնել: Այս մասին «երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ եթե խոսքը պետության մասին է, որի հետ Հայաստանի շահերը չեն համընկնում, ապա որքան էլ որ փորձեն ապացուցել, որ այդ երկրի հետ կապված են տնտեսական շահեր, լինում են դեպքեր, երբ ԵՏՄ անդամ երկիրը կարող է չընդունել համաձայնագիրը՝ անկախ նրանից, թե ինչ են ցույց տալիս թվերը: «Օրինակ, եթե դա պետություն է, որը, կոպիտ ասած, քեզ չի ճանաչում: Ինչպե՞ս կարելի է նրա հետ համագործակցել»,- ասաց Քոչարյանը: