«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում Արարատ Միրզոյանից
«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝ արտահոսքի համար:
Այս առնչությամբ, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցն իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.
«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի եւ նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երեւանում գործում է 2006 թվականից եւ վայելում է երեւանցիների եւ քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարեւորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:
Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները եւ կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչպես է իր ծննդյան օրը խաշկերույթ կազմակերպել եւ 290 հազար դրամի հաշիվ փակել։ Մինչ այդ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում ԱԺ նախագահի ծննդյան օրվա խնջույքի մասին։
«Հարազատներիս հրավիրել էի խաշի, վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար». Արարատ Միրզոյան