Հոնկոնգում ցույցերի ֆոնին ընթանում են շրջանային խորհուրդների ընտրությունները
Հոնկոնգի հարյուր հազարավոր բնակիչներ գնացել են ընտրատեղամասեր շրջանային խորհուրդների ընտրություններին քվեարկելու համար, հաղորդում է Reuters-ը:
Այսօրվա ընտրությունները կպարզեն, թե արդյոք ուժեղ է քաղաքի ղեկավար Քերի Լեմի աջակցությունը, որը բախվել էր վեց ամիս շարունակվող մոլի ցույցերի հետ, նշում է գործակալությունը:
Առաջին երեք ժամերի ընթացքում ընտրություններին մասնակցությունը գրեթե երեք անգամ գերազանցում է չորս տարի առաջ կայացած վերջին ընտրությունների ցուցանիշները: Ըստ կառավարության տվյալների՝ այդ ամենն անցկացվում է մտահոգությունների ֆոնին, որ ընտրությունները կարող են չեղարկվել, եթե այսօր ավելի ուշ բռնի գործողություններ տեղի ունենան:
Գործակալության աղբյուրները հաղորդում են, որ ընտրությունները մեկնարկել են տեղական ժամանակով 07:30-ին, եւ ընտրատեղամասերում գտնվում էին սակավաթիվ ոստիկաններ: Սակայն հաղորդվում է, որ ոստիկանությունը պատրաստվում է ապահովել բոլոր ընտրատեղամասերի անվտանգությունը, իսկ ընդհանուր առմամբ այսօր այդ նպատակով աշխատելու է 31 000 ոստիկան:
Շրջանային խորհուրդներում 452 տեղի համար պայքարում է 1104 թեկնածու: Եթե Հոնկոնգի անկախության համար պայքարող ուժերը կազմեն մեծամասնություն, ապա կարող են ստանալ վեց մանդատ Հոնկոնգի Օրենսդրական խորհրդում կամ խորհրդարանում, եւ 117 տեղ 1200 անդամ ունեցող կոլեգիայում: