Իլոն Մասկի Starship նավի նախատիպը պայթել է Տեխասում փորձարկումների ժամանակ
SpaceX ընկերության Starship Mk1 նավի առաջին ամբողջական նախատիպը պայթել է Բոկա Չիկա (Տեխասի նահանգ) շրջանում գտնվող համալիրում փորձարկումների ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Spaceflight պորտալին։
Միջադեպը տեղի է ունեցել մեթանի եւ թթվածնի բաքերը կրիոգեն հեղուկով առավելագույն չափով լիցքավորելու պարագայում նավի գործառնությունն ստուգելու ժամանակ։
«Այդպիսի արդյունքն անսպասելի չէր, քանի որ ներկա փորձարկման նպատակը նավի համակարգերում ճնշման առավելագույն բարձրացումն էր»,- ասվում է SpaceX-ի ներկայացուցիչների հայտարարությունում։ Նշվում է, որ ընկերությունը չի նորոգի Starship Mk1-ը եւ անմիջապես նոր, ավելի կատարելագործված Mk3 կստեղծի։
Mk1-ի նախատիպը ներկայացվել էր սեպտեմբերի 29-ին Տեխասում։ 50 մետր երկարություն եւ 9 մետր տրամագիծ ունեցող նավը պատրաստվել էր լեգիրված պողպատից։ Բեռնատարողությունը 150 տոննա էր։ Նավը ներկայացնելու ժամանակ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն ասել էր, որ նավի առաջին թռիչքն ուղեծիր նախատեսվում է իրականացնել կես տարվա ընթացքում։ Օգոստոսին տեղի ունեցան Starhopper-ի հաջող փորձարկումները, որոնց ընթացքում ստուգվեցին ինժեներային լուծումները, որոնք անհրաժեշտ են Starship-ի կառուցման համար։
Starship-ը բազմակի օգտագործման տիեզերանավ է, նախատեսված է Մարս թռչելու եւ հաշվարկված՝ 100 մարդու համար։ Ինչպես ավելի վաղ ընդգծել էր Մասկը, նա 2002 թվականին հիմնադրել է SpaceX-ը՝ մարդկությանը Մարսի յուրացման հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Որպես Մարս հետազոտողների ուղարկման ժամանակավոր կողմնորոշիչ ժամկետ նա նշել է 2022 թվականը։