Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է. Տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյանի հավաստիացումը (Տեսանյութ)
Երևանի կենտրոնում այսօր բռնկված հրդեհը մարվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։
Նրա խոսքով՝ հրշեջները շատ արագ հասել են դեպքի վայր եւ կարողացել են կանխել կրակի տարածումը կողքի շենքեր։
Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել: