Որքան է զրպարտության և վիրավորանքի հայցերի քանակը. ԵՊՀ ուսանողները՝ Երևանի դատարանի Էրեբունի նստավայրում
Դատական իշխանության եւ մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողների, սեփական նախաձեռնությամբ, երեկ բերել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր:
Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալեց դատավոր Երեմ Եսոյանը, ապա նրանց համար զրույց–դաս վարեց՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:
Դատավորն իր խոսքում անդրադարձավ նաեւ գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրեց այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:
Ուսանողները հետաքրքրվեցին օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով, զրպարտության եւ վիրավորանքի հայցերի քանակով եւ դատական իշխանության բարեփոխումներով:
Դատավոր Երեմ Եսոյանն ուսանողների կողմից բարձրացված բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ եւ գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում էլ կարեւորեց էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը եւ առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ինչն էապես կթեթեւացնի դատարանների ծանրաբեռնվածությունը: