196 երկիր այցելած զբոսաշրջիկը պատմել է հաջող ճամփորդության գաղտնիքների մասին
Գինեսի 21-ամյա ռեկորդակիր Լեքսի Էլֆորդը, որը երեք տարում այցելել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված 196 երկիր, խորհուրդներ է տվել ճանապարհորդներին, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով South China Morning Post-ին։
Նրա խոսքով՝ ավելի լավ է միաժամանակ երկու անձնագիր ունենալ, դա կարող է հեշտացնել վիզաների ստացումը քիչ հանրահայտ վայրեր այցելելու համար։
«Եթե տաքսու վարորդը ձեզ հասցրել է հյուրանոց եւ չափից ավելի շատ փող պահանջել, ապա մտեք հյուրանոց եւ օգնություն խնդրեք։ Եթե դա չգործի, խնդրեք նրանց զանգահարել ոստիկանություն, վարորդն անմիջապես կնահանջի»,- նշել է Էլֆորդը։
Որպեսզի չվճարի ուղեբեռի համար, ամերիկուհին թռչում է միայն ձեռքի պայուսակով եւ հագնում է որքան հնարավոր է շատ շորեր. «Ես հետս ծալովի պարկ եմ վերցնում վատագույն սցենարի համար։ Պարզապես շատ զգույշ եղեք, երբ մոտենում եք ստուգման սեղանիկին, եւ մի առաջարկեք նրանց նայել ձեր ուղեբեռը»։
Ռեկորդակիր ճանապարհորդը նաեւ բանաձեւել է «երեք օրերի կանոնը»։ Դա հետեւյալն է. ցանկացած քաղաքի պետք է հատկացնել առնվազն երեք օր. մեկը պետք է լվացքատուն գտնելու համար, երկրորդը՝ որպեսզի հագուստդ այնտեղ թողնես (քանի որ այն կարող է բաց չլինել առաջին օրը) եւ երրորդը պետք կգա, որպեսզի այն վերցնես։ Միաժամանակ, Էլֆորդը խորհուրդ չի տալիս բազմաթիվ կարճ ուղեւորություններ կատարել «սպառվելու» վտանգի պատճառով։