Խայտառակություն. Հայաստանի թիմի ֆուտբոլիստների ներողությունը 1։9 հաշվով պարտությունից հետո և մարզիչ Խաշմանյանի մեկնաբանությունը (Տեսանյութեր)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում տեղի ունեցած ասուլիսում մեկնաբանել է տեղի ունեցածը։
«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը։ Հավաքականի ղեկը ստանձնելուց ես պատկերացրել եմ, որ կարող է նման բան լինել։ Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Այսօր միգուցե սխալ է ասել, որ մենք ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետև գրեթե ամբողջ հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկա։
Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել։
Եթե ղեկավարությունը կորոշի, որ ես շարունակեմ աշխատանքները, ես ամեն ինչ ամբողջովին պետք է փոխեմ, որովհետև ըստ ինձ ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին, անգամ մտածելակերպը։
Նման հաշվով պարտություններից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել։ Ասացի այն ամենը, ինչ մտածում եմ»,- նշեց Խաշմանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գրավեց նախավերջին տեղը J խմբում՝ հետ թողնելով միայն Լիխտենշտեյնին, որի հետ երկրորդ շրջանում խաղացել էր ոչ ոքի՝ 1։1։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Արթուր Սարկիսովը, Էդգար Բաբայանն ու Հովհաննես Համբարձումյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո ևս Պալերմոյում մեկնաբանել են կատարվածը։
«Խայտառակություն էր, պետք է աշխատել եւ շտկվել։ Բարդ է ասել, թե ինչ տեղի ունեցավ։ Ֆուտբոլ է, ամեն ինչ լինում է»,- նշեց Արթուր Սարկիսովը։
«Շատ ուժեղ թիմի դեմ էինք խաղում, բայց դա չի նշանակում, որ 1։9 հաշվով պետք է պարտվենք։ Շատ ներողություն ենք խնդրում, կփորձենք, որ այլեւս այսպիսի բան չլինի»,- նշեց Էդգար Բաբայանը։
«Արագ գոլերը քանդեցին բոլոր ծրագրերը։ Խայտառակ խաղ, խայտառակ հաշիվ՝ այդքանը կարող եմ ասել։
Թույլ էին տալիս խաղալ, բայց մենք կանգնեցինք երրորդ գոլից հետո։ Ներողություն բոլոր երկրպագուներից, շատ վատ խաղ, շատ վատ արդյունք։ Այսօրվա խաղը ցույց տվեց, որ չենք կարող խաղալ հինգ պաշտպաններով»,- ասաց Հովհաննես Համբարձումյանը։
Հիշեցնենք նաև, որ սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ։
Տեսանյութերը՝ News.am Sport-ի