Անկարայում հայտարարել են, որ հունվարի առաջին շաբաթում սպասում են Թուրքիա Պուտինի այցին
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարվա հունվարի առաջին շաբաթում կարող է այցելել հանրապետություն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիա Պուտինի այցը պլանավորված է հունվարի առաջին շաբաթում։ Նախագահները կհանդիպեն «Թուրքական հոսքի» աշխատանքների ավարտի կապակցությամբ, նրանք նաեւ կքննարկեն երկկողմ հարաբերությունները»,- ասել է թուրք առաջնորդի ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 12-ին հայտնել էր, որ ՌԴ եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն 2020թ․ հունվարին։ Նրա խոսքերով, «անձնական շփումների համար լավ առիթ կլինի «Թուրքական հոսքի» բոլոր աշխատանքների ավարտը նշանավորող արարողությունը»։