Մեր զինվորները ցանկացած պահի պատրաստ են կատարել իրենց առաջադրված ինդիրը. ՊՆ N զորամասի հրամանատար. (Լուսանկար)
Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր է եւ ցանկացած պահի պատրաստ են կատարել իրենց առաջադրված ինդիրը։ Այս մասին ՊՆ հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարան այցելած լրագրողներին ասաց ՊՆ N զորամասի հրամանատար Գագիկ Պողոսյանը (ֆոտոռեպորտաժ)։
Հրամանատարի խոսքով՝ զորամասն իրականացնում է նաեւ մարտական հերթապահություն եւ նման պարապմունքները բարձրացնում են զինվորների մարտունակությունը։
«Վաշտն իր վրա դրված առաջադրանքը կատարեց պատշաճ։ Տարբեր հրաձգային զենքերից կրակեցին եւ արդյունքը գնահատում եմ լավ։ Այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ շատ քիչ են նկատվում։ Մեր զինվորները ցանկացած պահի պատրաստ են իրենց առաջադրված ինդիրը կատարել»,– ասաց զորամասի հրամանատարը։
Սերժանտ Արտակ Թադեւոսյանը, որ մեկ տարուց ավելի է ինչ ծառայում է այս զորամասում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացի լավ կրակելուց կարեւոր է նաեւ զենքի ճիշտ եւ արագ քանդում–հավաքումը։
«Ուսումնական պարպամունքների ժամանակ նաեւ զենք ենք քանդում–հավաքում եւ զենքի քանդման ամենալավ արդյունքը սահմանել եմ հենց այս պարապմունքի ժամանակ՝ 15 վայրկյանում։ Նման արդյունքների համար պետք է պարապմունքների ժամանակ ուշադիր լինել եւ քրտնաջան աշխատել»,– ասաց սերժանտ Թադեւոսյանը։
Ուսումնական վաշտի հրամանատար՝ կապիտան Վասակ Սահակյանի խոսքով՝ զորամասը հագեցված է անհրաժեշտ ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով։
«Զինամթեքի պակաս չկա. Զորամասը հագեցած է նաեւ փամփուշտների լիցքավորման սարքերով, որն ավելի է արագացնում այդ պրոցեսը»,– ասաց վաշտի հրամանատարը։