Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
Հյուսիսային Կորեայում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել։
Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն) տեղեկացրել է, որ Բայդենը «համարձակվել է զրպարտել Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարության արժանապատվությունը»։ «Կատաղած շները, ինչպիսին է Բայդենը, կարող են ցավ պատճառել շատ մարդկանց։ Նրանք պետք է մահու չափ ծեծվեն փայտով։ Դա օգտակար կլինի նաեւ ԱՄՆ-ի համար»,- նշվում է ԿԿՀԳ հաղորդագրությունում, որը մեջբերում է AFP-ը։
Անմիջապես պարզ չդարձավ, թե ինչն է այդպես զայրացրել Փհենյանին, բայց Բայդենի քարոզարշավն այս շաբաթ հայտարարություն էր հրապարակել, որը դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, որում ասվում էր, որ «բռնապետերին եւ տիրաններին գովում են, իսկ մեր դաշնակիցներին մի կողմ վանում»։
Բայդենը ցույց է տվել «տկարամտության վերջին փուլի նշան», տեղեկացնում է ԿԿՀԳ-ն։
Փհենյանն առաջին անգամ չէ, որ դատապարտում է Բայդենին։ Մայիսին նա անվանվել էր «խելապակաս» եւ «հիմար՝ ցածր IQ-ով» այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընին անվանել էր «բռնապետ» եւ «տիրան»։