Երևանում ընթանում է «Հակակեղծում – 2019» VII միջազգային համաժողովը
Նոյեմբերի 12-13-ը Երևանում ընթանում է «Հակակեղծում – 2019» VII միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին, այդ թվում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը:
«Հակակեղծում – 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի կառավարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Հակակեղծում» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
«Հակակեղծում – 2019» համաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կենտրոնական բանավեճային հարթակ է, որտեղ անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները, այս ոլորտի առաջատար միջազգային փորձագետները, գիտության և հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն քննարկելու արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները, այդ թվում՝ կեղծվածի, մտավոր սեփականության պաշտպանության իրավունքների ապահովման խնդիրը, ինչպես նաև կառուցողական երկխոսություն հաստատել և համատեղ որոշումներ կայացնել ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկա ձևավորելու նպատակով:
Համաժողովի շրջանակում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպես կեղծ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավական կիրառումը, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդեցությունը, կեղծումից պաշտպանության թվային մեթոդները, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ստեղծումը: