Կաջակցենք լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի ղարաբաղյան հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին. Լավրով (Տեսանյութ)
Մենք պատրաստ ենք աջակցելու լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի ղարաբաղյան հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին, իսկ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ պայմանավորվածության հասնելու դեպքում կդառնանք կարգավորման երաշխավորը: Այս մասին նոյեմբերի 11-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հնագույն ձեռագրերի թանգարան ինստիտուտ Մատենադարանում Հայաստանի բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ նվիրված Հայաստանի դիվանագիտական դպրոցի 10-ամյակին:
Նա հավելել է, որ Ռուսաստանն անկողծորեն շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղում իշխի խաղաղությունը, որ դադարեն մարդիկ զոհվել, սահմանները բացվեն, վերականգնվեն տնտեսական հարաբերությունները: «Ռազմական ռիսկերի նվազեցմանը եւ հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործակցությանը նպաստելու ձեռնարկվող ջանքերին զուգահեռ՝ Ռուսաստանը վարում է կարգավորման քաղաքական սկզբունքների համաձայնեցման հետեւողական աշխատանք: Մենք մեր միջնորդական առաքելությունն իրականացնում ենք՝ չփորձելով Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրել ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր: Կողմերն իրենք պետք է համաձայնության գան, առանց դրսից ճնշման, առանց արհեստական ժամկետների, առանց որեւէ արբիտրաժի: Սա մեր հաստատուն դիրքորոշումն է»,- նշեց նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ արդիականության բոլոր խնդիրները լուծելի են, եթե սկսեն հենվել երկխոսության, փոխադարձ հարգանքի եւ համագործակցության ունիվերսալ արժեքների վրա: «Օրինակ կարող է ծառայել Կասպից ծովի շուրջ իրադարձությունների զարգացումը, որտեղ հաջողվել է հասնել ոչ միայն երկար սպասված իրավական կարգավիճակի մասին կոնվենցիային, այլեւ ստեղծել իրավական, տնտեսական, քաղաքական մեխանիզմների մի ամբողջ համակարգ, որը թույլ է տալիս պահպանել մերձկասպյան բոլոր պետությունների շահերի հավասարակշռությունը եւ հաստատում է տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատվությունը:
Ռուսական դիվանագիտությունը շարունակում է աշխատել երկխոսության եւ փոխզիջման մշակույթի վերականգնման շուրջ, հասնել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար նորմերի անխախատության հաստատմանը, ինչպես ինքնիշխանությունը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավունքն ինքնուրույն որոշելու իրենց ճակատագիրը»,- եզրափակեց Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է: